Ինչպես գիտենք, բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, վկայագրերի միջոցով տրամադրվող աջակցության չափը որոշվել և հիմք է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. հոկտեմբերի 1-ին հրապարակած՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 109.300 ՀՀ դրամ: Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ից:
«Գաղտնիք չէ, որ բնակարանատերերը վաճառքի հանված բնակարանների գները սովորաբար սահմանում են ԱՄՆ դոլարով, և քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, բնակարանների գնման վկայագրեր ստանալու ենթակա անօթևան ընտանիքները հայտնվել են ծանր խնդրի առջև: Թերևս նաև այդ պատճառով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ երկու ամիսների ընթացքում, առաջին փուլով ԲԳՎ-ներ ստանալու ենթակա 215 ընտանիքներից ընդամենը 10 ընտանիք է ընդգրկված բնակարաններ գնելու գործընթացում»,-analitik.am-ի հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Այդ իսկ նպատակով Կենտրոնն առաջարկում է իրականացնել վկայագրերի միջոցով նախատեսված ֆինանսական աջակցության չափի վերահաշվարկ և ԲԳՎ-ների միջոցով տրամադրվող աջակցության չափը սահմանել Գյումրիում բազմաբնակարանային շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի ներկա պահին առկա շուկայական գնով: Եվ երկրորդ՝ քանի որ ԲԳՎ-ների միջոցով բնակարաններ գնելու տասնյակ շահառուներ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել նաև այն պատճառով, որ Գյումրու բազմաբնակարան շենքերում չկան վաճառքի ենթակա անհրաժեշտ քանակությամբ բնակարաններ, ուստի, այդ իսկ նպատակով անհրաժեշտ է արագացնել Մուշ-2/2 թաղամասում դեռ 2012 թվականին շահագործման հանձնված 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:
Հասմիկ Մովսիսյան
analitik.am